ԲարՔեմփ Երևան 2012-ը ավարտվեց եւ բոլորը հասկացան, որ ԲարՔեմփ Երևան 2013-ին մնաց ընդամենը 363 օր՝ եթե ոչ ավելի պակաս․․․
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երեւանում անցկացվող ԲարՔեմփին մասնակցեց շուրջ 1300 մարդ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, նոր մեդիայի և տեղեկատվական անվտանգության մասնագետներ, բլոգերներ: ԲարՔեմփի կազմակերպչական թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր բարքեմփերներին՝ բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց լուսավոր ու պայծառ ներկայությամբ օգնեցին, որ հերթական ԲարՔեմփը կայանա եւ վերահաստատի հայաստանյան ՏՏ ոլորտի համար նշանակալի իրադարձության իր համբավը։
Այս տարվա ԲարՔեմփում ներկայացվեց 90 ելույթ, որոնցից 18-ը մեր հատուկ հյուրերի եւ աջակիցների կողմից։ ԲարՔեմփի նորամուծություններից էր մինչեւ երկու ժամ տեւողությամբ հատուկ պրակտիկ դասընթացների անցկացումը, որոնք մեծ ոգեւորությամբ ընդունվեցին։ Անցկացվեց, ընդհանուր առմամբ, այդպիսի 6 դասընթաց՝ ինտերնետային անվտանգության եւ բլոգգինգի թեմաներով։ Անցկացվեց նաեւ BSD սերտիֆիկացման քննություն։
Առաջիկա օրերին ԲարՔեմփի կայքում կտեղադրվեն չկոնֆերանսի ժամանակ հնչած ելույթների տեսագրությունները, կրթական նյութերը եւ լուսանկարները։ Այս պահին հետբարքեմփային աժիոտաժը շարունակվում է Թվիթերում եւ Ֆեյսբուքում։
Տարվա նորություններից էր նաեւ «Դուդլ պատմություններ» նախագիծը։
Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Միջոցառումը հովանավորեցին «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը» և «Ինտերնյուս Հայաստանը»՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, AtTask, Be2, Bet Construct ընկերությունները և «Ռիա Նովոստի» ինֆորմացիոն գործակալությունը: